ՔՊ-ն համակարգային ձևով վարչական ռեսուրս է չարաշահում. «Ականատես»
«Ականատես» դիտորդական առաքելությունն իր մտահոգությունն է հայտնել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման համակարգված ու լայնածավալ դեպքերի առթիվ։
«Սեպտեմբերի 7-ին Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ և համակարգային չարաշահման մասին։
Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար և հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաև՝ անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը»,- նշված է դիտորդական առաքելության հայտարարության մեջ։