Նեյմարը՝ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 1-ին տուրի տնային խաղում Բրազիլիայի հավաքականը հաղթեց Բոլիվիայի հավաքականին։
Բրազիլիա-Բոլիվիա խաղն ավարտվեց 5-1 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեց Նեյմարը։
31-ամյա բրազիլացին ազգային հավաքականի կազմում խփեց իր 78-րդ գոլը և դարձավ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով լեգենդար հարձակվող Պելեին։ Նեյմարը Բրազիլիայի հավաքականում հանդես է գալիս 2010 թվականից։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 125 հանդիպում։
Հետաքրքիր է, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) չի ճանաչում Նեյմարի ռեկորդը. իր հաշվարկներով նա դեռ 17 գնդակով հետ է մնում Պելեից (78 ընդդեմ 95-ի): Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հաշվի է առնում Պելեի բոլոր հանդիպումներն ու գոլերը Բրազիլիայի հավաքականի կազմում, ներառյալ ֆուտբոլային ակումբների դեմ ընկերական խաղերը, որոնք ՖԻՖԱ-ն չի հաշվում, փոխանցում է Armsport-ը։