Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ․ Պետրակով
Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Թուրքիայի դեմ 1-1 խաղալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ։ Ի դեպ, ոչ-ոքի պետք է լիներ նաև երևանյան խաղում։ Գոհ եմ տղաների նվիրվածությունից։ Խաղից հետո, երբ մտա հանդերձարան, խաղացողները տխուր էին, գոհ չէին խաղից, բայց կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, ֆուտբոլիստները վստահում են մարզչական շտաբին ու կատարում են մեր ասածները։
Ես չեմ մարզում Ֆրանսիայի կամ Բրազիլիայի հավաքականը, որոնց մարզիչները կարող են իրենց թույլ տալ չլարվել։ Մարզում եմ Հայաստանի հավաքականը։ Ես լարված եմ, ես անհանգստանում եմ խաղի արդյունքի համար, որովհետև եկել եմ այստեղ, որ օգնեմ Հայաստանին, հայ ժողովրդին, որն ինձ շատ լավ է վերաբերվում։
Նաիր Թիկնիզյանի համար դժվար էր, նա մեծ աշխատանք էր կատարում, իր դիրքի վրա անընդհատ գրոհ կար։ Չի կարելի մի հոգու մեղադրել։ Սխալը շղթայական էր։ Գոլային փոխանցումը Թիկնիզյանն արեց չէ։ Դրանից առաջ էլ Լատվիայի դարպասն էր գրավել։ Ֆուտբոլ է։ Մարդիկ, իհարկե, սխալվում են, հոգնում են։ Ես երբեք չեմ մեղադրի իմ ֆուտբոլիստին։ Շնորհակալություն եմ հայտնել նրան խաղի համար։ Նա ինքն էլ ամեն ինչ հասկանում է, տխուր նստած էր։ Ամբողջ սրտով նրան հաջողություն եմ մաղթում Խորվաթիայի դեմ խաղում։
Թուրքիայի հավաքականը գնդակին ավելի շատ էր տիրում, նրանք իրենց ֆուտբոլիստների գներով գերազանցում էին մեզ, մենք, չեմ թաքցնի, խաղում էինք արդյունքի համար։ Յուրաքանչյուր թիմի պիտի օգտագործի այն, ինչ ունի։
Վահան Բիչախչյանը փոխարինվեց, ոչ թե, օրինակ, Լուկաս Սելարայանը, որովհետև ես գլխավոր մարզիչն եմ և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը։ Մի տեղ սխալվում եմ, մի տեղ ճիշտ դուրս գալիս։ Ճիշտ չէ, երբ մարդիկ հանգիստ բազմոցին նստած, որոշում են՝ մարզիչը ճիշտ փոխարինում է անում, թե սխալ»,- ասաց Պետրակովը։
Մանրամասները՝ տեսանյութում: