Ցուցաբերել զսպվածություն, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր. Արցախի ՆԳՆ ոստիկանության կոչը
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։
Հայտարարությունում ասվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վաղը` սեպտեմբերի 9-ին, կընտրվի հանրապետության նոր նախագահ։
Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը, ոստիկանությունը հորդորում է` խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։
ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով»:
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն հատուկ նիտում նախագահ է ընտրելու: ԱԺ 4 քաղաքական ուժեր առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» խմբակցությունը՝ Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինիս դիմումը մերժվել է:
Սամվել Բաբայանը կոչ է արել այդ օրը հավաքվել Ստեփանակերտի հրապարակում եւ թույլ չտալ, որ մի քանի հոգի ԱԺ-ում նախագահ փոխեն: «Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Պետք է ժողովուրդը պահանջի: Հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին եւ ասի՝ էս մարդն է լինելու նախագահը»,-ասել է Բաբայանը: