Գարիկ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
Քանի որ մեզ դեռեւ սպասվում է կալանքի միջնորդության քննարկում, հետեւաբար չեմ կարող մեծ ինֆորմացիա տրամադրել այս պահին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրոների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։
«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքի որոշումից պարզ չի դառնում»,- նշեց փաստաբանը։
Նա հավելեց, որ այդ միջադեպի հետ կապված հանցագործության մասին հաղորդում իրենք են ներկայացրել. «Կենտրոնի ոստիկանության բաժին մենք ենք գնացել, դրանով Վահիդ Սահակյանը, Արթուր Գալեյանը ստացել էին մարմնական մնասվածքներ, ծնողներից որեւէ մեկը մինչեւ այժմ չի հարցաքննվել, հարցաքննվել են միայն ոստիկաններ եւ միայն նրանց ցուցմունքներով խուլիգանության մեղադրանք է առաջադրվել:
Ըն որում, երբ մենք համադրում ենք այդ մեղադրանքի փաստական կողմը մեզ քաջ ծանոթ դեպքի հետ, երբ ԱԺ նախագահը բոլորի ներկայությամբ թքեց քաղաքացու դեմքին, հասկանում ենք, որ այստեղ խուլիգանության մասին կամ խոսք չկա, կամ ակնհայտ խտրական վերաբերմունք է: Այսինքն խուլիգանության հոդվածը գրպանում պահված հոդված է պետության համար՝ մեղադրելու այն անձանց, որոնք իրենց համար անցանկալի են»:
Փաստաբանի խոսքով, երկրորդով մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար. «Անգամ չգիտեմ, թե ինչ անվանում կարելի է տալ սրան: Բուռն ցանկություն ունեն նրան կալանավորելու»:
Փաստաբանը նշեց, որ հանդիպել է Գալեյանի հետ, նա չի ընդունում մեղադրանքը:
Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ իր պաշտպանյալի ձերբակալությունն ակնհայտ քաղաքական պատվեր է. «Եթե մենք խրոնոլոգիան նայենք, ակնհայտ կտեսնենք, որ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ զոհված զինծառայողների ծնողները միացան «ՀայաՔվե»-ին, երբ հայտարարեցին, որ սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին: Այդ ամեն ինչը միմյանց հետ փոխկապակցված է:
Դատարանի բակում հավաքվածները հայտարարեցին, թե չի բացառվում, որ իրենցից յուրաքանչյուրը հայտնվի Գարիկ Գալեյանի տեղում, քանի որ իրենք էլ են հայտարարել, որ միանում են «Մայր Հայաստան» դաշինքին: