Այս պահին միայն Սամվել Շահրամանյանն է առաջադրված Արցախի նախագահի թեկնածու. այսօր թեկնածու առաջադրելու վերջին օրն է
Այս պահի դրությամբ Արցախի նախագահի մեկ թեկնածու է առաջադրվել։ Այս մասին փոխանցեցին Արցախի Ազգային ժողովից։ Նախագահի ընտրության ընթացակարգի հետ կապված այս պահին քննարկումներ են ընթանում, ԱԺ–ն այդ մասին հաղորդագրություն կտարածի։
Ավելի վաղ Արցախի խորհրդարանի 5 խմբակցություններից 4–ը նախագահի թեկնածուն են առաջադրել օրեր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։ Այդ խմբակցություններն են ՀՅԴ-ն, Ազգային դեմոկրատական կուսակցությունը, «Արդարությունը» եւ իշխող ‹Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն: Ընտրության առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, այսօր ԱՀ ԱԺ նախագահը հանդես կգա նիստի օր նշանակելու վերաբերյալ հայտարարությամբ:
Սամվել Շահրամանյանի թեկնածությունը չի պաշտպանելու Արցախի ԱԺ մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը», որը որոշել է չմասնակցել քվեարկությանը: Նրանք նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։