Մեզ մնացել է 5 խաղ, 5 եզրափակիչ․ Էդուարդ Սպերցյան
Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսին ներկայացավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար։ Մենք հիմա երկրորդ հորիզոնականում ենք ու մրցաշարային տեսանկյունից նույնպես մեզ համար կարևոր է։ Վերջում կտեսնենք, թե ուր ենք մենք հասել։ Մեզ մնացել է 5 խաղ և ամեն խաղ եզրափակիչի նման է։ Սպասենք խմբային փուլի վերջին ու կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Ընդհանրապես ֆուտբոլիստները սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաներով, բայց կարծում եմ, որ մեզ վրա չեն ազդի վաղվա լեցուն տրիբունաները, քանի որ մենք ունենք մեր պլանը»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասաց Սպերցյանը։
Անդրադառնալով կենտրոնում Իգուչուկվու Իվուի հետ համագործակցության ու ֆուտբոլիստի՝ ՌՊԼ տեղափոխության մասին հարցին, Սպերցյանն ասաց․ «Իվուն շատ լավ ֆուտբոլիստ է ու վստահ եմ, որ կկարողանա իրեն դրսևորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում»։
Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։