Ես անբարոյական եմ համարում Հայկ Մարությանի կողմից ընտրությունները կեղծելու մասին հայտարարություն անելը. Հրաչյա Հակոբյան․ News.am
Ես զարմանում եմ պնդումների վրա, թե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվելու են, ընտրությունները չեն կեղծվել անգամ մեր ամենածանր ժամանակահատվածում՝ 2021-ի ԱԺ ընտրություների ժամանակ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իշխանության դիրքերը թույլ են, եւ ինքը չի բացառում, որ իշխանությունը կփորձի կեղծել ընտրությունները:
«Որեւէ մեկը չունի որեւէ հիմք ասելու, որ մենք ընտրություն ենք կեղծել, կեղծում կամ կեղծելու: Մենք հեղափոխության ժամանակ հայտարարել ենք, որ ՀՀ քաղաքացիներն են ձեւավորելու իշխանություն, եւ մենք բացառում ենք որեւէ պարագայում, որ կկողծենք ընտրությունները: Ես անբարոյական եմ համարում 2018-ին մեր քաղաքապետի թեկնածուի (նկատի ունի Հայկ Մարությանին-խմբ) կողմից նման հայտարարություն անելը»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ այս պահին ՔՊ-ի դիրքերը թույլ են, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Մեր դիրքերը 2021-ի ընտրությունների ժամանակ էլ կարծես թե, որոշ մարդկանց համոզմունքն էր, որ թույլ էին, բայց մենք չենք կեղծել ընտրություններ, հիմա էլ չենք պատրաստվում:
Մենք չենք համարում, որ մեր դիրքերը թույլ են: Մենք ամենօրյա քարոզարշավ ենք իրականացնում եւ ես ինքս օր օրի տեսնում եմ մեր դիրքերի էլ ավելի ամրապնդումը»:
Անդրադառնալով Հակ Մարությանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «2018-ի հեղափոխությունից հետո, Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը դիմում գրեց եւ անդամակցեց ՔՊ-ին, երբ հետհեղափոխական փափուկ ժամանակաշրջան էր: Նա միացավ հեղափոխությանը այն ժամանակ, երբ գրեթե կանխորոշված էր, որ հեղափոխությունը տեղի է ունենալու: Նա անդամակցեց ՔՊ-ին, որ լինի քաղաքապետի մեր թեկնածուն եւ բաց, թափանցիկ ընտրություններով դարձավ քաղաքապետ: Պատերազմից հետո, երբ արդեն այդ փափուկ իրավիճակը չէր, այլ ընդհակառակը, Արարատ Միրզոյանին փորձում էին սպանել Դեմիրճյան փողոցի վրա, երբ մեր տան բակում իմ հուղարկավորության տեսարանն էին բեմադրում, եւ այդ ժամանակ Հայկ Մարությանը «հիշեց», որ որոշ անհամաձայնություններ ունի ՔՊ-ի հետ: Քաղաքացիներն ինձ ասում են՝ քաղաքապետի ընտրությունից առաջ եկավ, դարձավ ձեր թեկնածուն, պատերազմից հետո փախավ թիմից, որովհետեւ թիմը դժվար իրավիճակում էր գտնվում»,-ասաց նա: