ՆԱՏՕ-ն Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորների ընկնելը ռուսական միտումնավոր հարձակում չի համարում
ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Ռումինիայի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի բեկորները պայմանավորված են եղել Մոսկվայի կողմից Ռումինիայի դեմ իրականացված միտումնավոր հարձակմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ խորհրդարանականներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք որևէ տեղեկություն չունենք, որը վկայում է Ռուսաստանի կողմից միտումնավոր հարձակման մասին, և մենք սպասում ենք շարունակվող հետաքննության արդյունքներին», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Ստոլտենբերգը նաև շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի սահմաններին ռուսական ավիահարվածները մեծ վտանգ են ներկայացնում։
Ուկրաինան սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա Ռուսաստանի հերթական հարձակումից հետո Ռումինիայում հայտնաբերվել են ռուսական ԱԹՍ-ի մասեր։ Ռումինիայի իշխանությունները նախ հերքել էին այս հայտարարությունները, սակայն սեպտեմբերի 6-ին Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Թիլվարը հաստատել էր այս տեղեկությունը։
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ռուսաստանը մեծ հեռահարության զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայում տարբեր թիրախների, իսկ Կիևը հայտնել է, որ դրանք մի քանի անգամ ընկել են հարևան երկրների տարածքում։
Նման միջադեպերից ամենալուրջը տեղի է ունեցել Լեհաստանում 2022 թ․ նոյեմբերին, երբ Լեհաստանում հրթիռի հարվածից 2 մարդ էր զոհվել։ Միջադեպից հետո Լեհաստանը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարեցին, որ դա ոչ թե ռուսական հրթիռ էր, այլ ուկրաինական սխալ արձակված հակաօդային պաշտպանության հրթիռ։