Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։
Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։
Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։
Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։
Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։