Նախագահ Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Ողջունելով հյուրին նախագահը նշել է.
«Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ կատարել եք, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնք ներդրել եք հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման համար»:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է.
«Պարոն նախագահ, շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իմ դիվանագիտական առաքելությունը մոտենում է իր ավարտին, և իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր համագործակցության համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և խաղաղության մարտահրավերներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով գնահատելի են Նիդերլանդների և Եվրամիության կողմից ներդրված ջանքերը: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ: