Քյարամյանը և Վրաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են երկու կառույցների հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև իրավապահ ոլորտում ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը և ընդգծել միջգերատեսչական ամուր կապերի նշանակությունը միջպետական հարաբերությունների կայուն զարգացման, երկու երկրներում օրինականության պահպանման, քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ փոխգործակցության ձևավորված կայուն ավանդույթները, երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա փոխադարձ վստահությունը կարևոր նախադրյալներ են ստեղծում միմյանց բարձրացրած խնդիրների լուծմանը նախանձախնդրությամբ վերաբերվելու, քննչական հարցումների կատարման, հանցագործություններին արագ հակազդման համար։
Արգիշտի Քյարամյանը և Վախթանգ Գոմելաուրին մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, փորձի փոխանակման մշտապես գործող կառուցակարգերի գործարկման կարևորության մասին։