Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքի տեղում կկառուցվի Համաշխարհային առևտրային կենտրոն
Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ընդունվել է կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար ։
Ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։
«Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ»,- ասված է որոշման հիմնավորումներում։
Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոր կառուցվող համալիրում կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս։