Ջո Ջոնասը ամուսնալուծության հայց է ներկայացրել Սոֆի Թյորներից բաժանվելու համար
Ջո Ջոնասը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել Սոֆի Թյորներից՝ լուրերի ֆոնին, որ զույգը «լուրջ խնդիրներ» է ունեցել իրենց ամուսնության մեջ: Այժմ պարզվել է, որ 34-ամյա երաժիշտն ու 27-ամյա դերասանուհին պաշտոնապես բաժանվում են՝ ըստ Page Six-ի և TMZ-ի։
Նշվում է, որ Ջոնասը փաստաթղթեր է ներկայացրել Մայամիի դատարան երեքշաբթի՝ սեպտեմբերի 5-ին։ Երգիչը դիմել է հայտնի փաստաբան Թոմ Սասերին, ով նախկինում վարել է ամերիկացի գոլֆիստ և միլիարդատեր Թայգեր Վուդսի ամուսնալուծության գործընթացը։ Փաստաթղթերի համաձայն՝ արտիստը պնդում է, որ իր ամուսնությունը «անդառնալիորեն ավերված է»։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ զույգի երկու երեխաները հիմնականում ապրում են Ջոնասի մոտ, սակայն նա համատեղ խնամակալություն է ուզում ամուսնալուծությունից հետո։
«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյորների և Jonas Brothers խմբի անդամ Ջո Ջոնասի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին 2016 թվականին, իսկ մեկ տարի անց սիրահարները նշանադրվեցին։ 2019 թվականին նրանք ամուսնացան, և շուտով նրանք ունեցան երկու դուստր՝ 2020 և 2022 թվականներին։