«Ո՞վ չի ցանկանա ծորակից ջուր խմել». Լեռնագոգ գյուղում խմելու ջուրը երազանք է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի առավոտները սկսվում են ջրի մեքենայի բարձր ազդանշանով, որին դռների ու դարպասների դիմաց մեծ կաթսաներով և դույլերով սպասում են լեռնագոգցիները։ Հարութ Սիմոնյանն արդեն տասնվեց տարի ամեն օր արթնանում է ժամը 6-ին, որ Թալինից ցիստեռն-մեքենայով ջուր հասցնի Արմավիրի մարզի Դալարիկ և Լեռնագոգ գյուղեր։
«Արդեն գիտենք մեր ժամն էլ, օրն էլ։ Հա՛մ աշխատանք է, հա՛մ էլ արդեն պարտականություն։ Ջրի մեքենան հինգ հազար լիտր ջուր է տանում, երկու գյուղին էլ՝ Դալարիկ և Լեռնագոգ, բավականացնում է, դեռ մի բան էլ ավելին»,- ասում է ջրի մեքենայի վարորդ Հարութ Սիմոնյանը։
Անահիտ Հարությունյանը Լեռնագոգ է տեղափոխվել 14 տարի առաջ, սկզբում զարմացել է, որ խմելու ջուրը նման ձևով են գնում։ «Ամեն բաքին 250 դրամ կտամ, կարող է 2 օր խմենք, կարող է՝ 3 օր խմենք։
Մենք 6 հոգի ենք, որից երկուսը արտերկրում են, երկու երեխա, ես ու հարսս ենք ապրում, լինում է, որ 2֊3 օրը մեկ ենք վերցնում, եթե պահածոներ չենք անում։
Եթե պահոց ենք անելու, կարող է՝ ամեն օր էլ վերցնենք»,- նշում է նա: Լեռնագոգում խմելու համար նախատեսված արտեզյան ջրերը բնակիչներն օգտագործում են հիմնականում կենցաղում:
Թեպետ արտեզյան ջրի 24-ժամյա մատակարարում է նախատեսված, ամռան ամիսներին դրա ծավալը նվազում է, քանի որ բաժին է հանվում գյուղի մոտ գտնվող զորավարժադաշտին։
«Մեկ լինում է ջուր, մեկ՝ չէ։ Առաջ միշտ ունեցել ենք ծորակի կենցաղային ջուր։ Մարդ կա՝ խմում է, մարդ կա՝ չէ։ Մենք չենք խմում, միշտ գնում ենք»,- ասում է Լեռնագոգի բնակիչ Անահիտ Հարությունյանը:
Լեռնագոգի գյուղապետարանի առաջատար մասնագետ Վարդիթեր Գալստյանն ասում է՝ ամռանը գյուղի համար բավարար քանակով ջուր չի մնում ջրամբարներում։ Համայնքի նախկին ղեկավարը նամակով դիմել է և՛ Պաշտպանության նախարարություն, և՛ Կառավարություն, բայց մինչև հիմա պատասխան չեն ստացել։
«Համայնքի ղեկավարն առաջարկեց Պաշտպանության նախարարությանը զորավարժադաշտում սեփական հոր հորատեն, պոմպ տեղադրեն, որ մեր օրական կարգավորվող ջրամբարում կուտակված ջուրը բավականացնի, բայց մինչ օրս ոչ մի արդյունք, նորից զորավարժադաշտին են տալիս ջուրը, որը պատճառ է հանդիսանում գյուղում սակավաջրության։
Եթե ջրի պոմպը փոխարինվի ավելի հզորով, գյուղին առանձին սպասարկում լինի, զորավարժադաշտին՝ առանձին, իհարկե, ջուրը կհերիքի, որովհետև մենք ժամանակին մշտական ջուր ենք ունեցել, քսանչորսժամյա ջուր ենք ունեցել, և ոչ օրը մեջ»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Լեռնագոգի գյուղապետարանի առաջատար մասնագետ Վարդիթեր Գալստյանը:
Նա, սակայն, նույնքան լավատես չի, որ երբևէ իրենք կդադարեն գնել իրենց խմելու ջուրը, խնդիր, որ գյուղի հիմնադրման օրվանից չի լուծվել. «Խմելու ջրին լուծում, որպես այդպիսին, չեմ կարծում, որ կլինի։ Երևի սովորել ենք, որ արդեն քառասունհինգ տարի նման կերպ է։
Եթե լիներ հնարավորություն, Սովետական միության ժամանակվանից էլ կլիներ»: Հայաստանի 998 բնակավայրերից «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության կողմից սպասարկվում և խմելու ջուր է ստանում 380-ը․ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Այդ բնակավայրերից, մասնավորապես, Երևան քաղաքում ջրամատակարարման միջին տևողությունն օրական 23.2 ժամ է, մյուս քաղաքներում՝ օրական 20.6 ժամ, իսկ գյուղերում՝ օրական 20.2 ժամ։
Հայաստանի 579 բնակավայրերում, որոնցից մեկն էլ Լեռնագոգն է, խմելու ջրի խնդիր կա։ Այդ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացում են տեղական ինքնակառավարման մարմինները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ որոշ համայնքներում իրականացվում են խմելու ջրամատակարարաման համակարգերի կառուցման և վերակառուցման աշխատանքներ, սակայն չեն մանրամասնել, թե քանի համայնքում և ինչ ժամկետներում կլուծվի խմելու ջրի խնդիրը։
Մինչ այդ, Լեռնագոգ գյուղում խմելու ջուր ունենալը երազանք է մնում։
Ամեն առավոտ մեծ դույլերով փողոցներից ջուր գնող գյուղացիները երազում են, որ մի օր իրենք էլ կբացեն ծորակը, որից խմելու ջուր կգա։ «Ես Վրաստանից եմ եկել, մենք մշտական ջուր ենք ունեցել, բաժակը դրել ենք կողքին, ով ցանկացել է՝ խմել է, դա ո՞վ չի ցանկանա։
Բայց դե, եսիմ, որ իրականանա այդ երազանքը, շատ լավ կլինի»,- ասում է Լեռնագոգի բնակիչ Անահիտ Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում։