Reuters․ G20-ի երկրները չեն կարողացել համաձայնության գալ
G20-ի երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ձևակերպումների շուրջ՝ Նյու Դելիի առաջիկա գագաթնաժողովի համար հռչակագիր պատրաստելիս։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներին։
«Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ G20-ի ղեկավարների հռչակագրի ձևակերպումները չեն համաձայնեցվել անդամ երկրների կողմից»,- աղբյուրին է մեջբերում գործակալությունը։
Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Նյու Դելիում գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը։ Դրան հրավիրված են G20-ի բոլոր երկրները և ինը այլ պետությունների (Բանգլադեշ, Եգիպտոս, Իսպանիա, Մավրիկիոս, Նիգերիա, Նիդեռլանդներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման և Սինգապուր) ղեկավարները։