«Կոմերսանտ»․ ՌԴ-ն փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման
Մոսկվան փորձում է կարգավորել հումանիտար սուր ճգնաժամը, որում հայտնվել է Ղարաբաղը։ Մաքոքային դիվանագիտությամբ է զբաղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովաևը։ Երևան կատարած այցից հետո դիվանագետն այս շաբաթը սկսեց Բաքու գործուղմամբ։ Առաքելության հաջողությունը երաշխավորված չէ. Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վատթարանում են ամեն օր և ամեն ասված բառով, գրում է «Կոմերսանտը»։
Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի կողմից Լաչինի միջանցքում կանգնած են Ղարաբաղի բնակիչների համար նախատեսված 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարները, որոնց ավելացել են Ֆրանսիայից նույն նպատակով վերջերս ուղարկված մեքենաները։ Ադրբեջանական կողմից Աղդամով Ստեփանակերտ տանող ճանապարհին արդեն մեկ շաբաթ է ավտոշարասյուն է կանգնած՝ ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության ուղարկած օգնությամբ։
Առաջին դեպքում Լաչինի անցակետում (ապրիլին հիմնված) տեղակայված ադրբեջանցի սահմանապահները թույլ չեն տալիս ապրանքների մուտքը Ղարաբաղ։ Երկրորդ դեպքում հայ ակտիվիստներն են փակել ավտոշարասյան մուտքը։
Հումանիտար օգնության այս շարասյունների կանգնելը կամ նույնիսկ առճակատումը, այն ժամանակ, երբ Ղարաբաղում սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր կարիք կա, հիանալի նկարագրում է կողմերի սկզբունքայնությունը, նրանց նպատակները և հումանիտար ճգնաժամի լուծման, ավելի լայն՝ ղարաբաղյան կարգավորման հարցում մոտեցումների տարբերությունը։
Մատակարարումը պետք է իրականացվի միայն Լաչինի միջանցքով, պնդում են Հայաստանն ու ԼՂՀ իշխանությունները։ Բաքուն պատասխանում է՝ հումանիտար ճգնաժամը ստեղծվել է արհեստականորեն, և այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կարելի է ազատորեն ներմուծել Աղդամով։
Հայաստանի և Ղարաբաղի հայերի համար, ասում է «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանի պետական կառույցներում, կարգավորման թեմայի մեջ խորասուզված զրուցակիցը, հատկապես Լաչինով տարածաշրջանի մատակարարումը առանցքային պահ է։ «Կարևոր է, որ Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանք։ Իսկ Բաքվին անհրաժեշտ է դա «կասեցնել և անցնել ներադրբեջանական երթուղով (Աղդամով) մատակարարումներին։ Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին իրեն պահելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»,- նշում է «Կոմերսանտի» աղբյուրը։
Ղարաբաղյան խնդրին նվիրված ռուսական աղբյուրը հավելում է. «Ադրբեջանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացմանը, քանի որ սա վերադարձ է կարգավորման բանակցություններին։ Բաքուն մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա նախապատերազմյան տասնամյակներ տևող դանդաղ բանակցություններին։ Սա պետք է Փաշինյանին, որպեսզի նա ասի՝ ես այս պատմությունը փոխանցեցի միջազգայնականներին և ողջ պատասխանատվությունն իմ վրայից գցեցի։
Երևանը Մոսկվային մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ՝ Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելով։ Հայտարարության 6-րդ կետի համաձայն, միջանցքը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը «երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»։
Ռուս պաշտոնյաները մասնավոր զրույցներում ընդունում են, որ 6-րդ կետը չի կատարվում։ Բաքուն իր հերթին մատնանշում է նույն փաստաթղթի 4-րդ կետը։ Որով ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը «տեղակայվում է Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Եվ քանի որ տարածաշրջանում մնացել են զինված կազմավորումներ և զինտեխնիկա, պայմանը նույնպես չի կատարվել։
Եվ սրանք միակ կետերը չեն, որոնք չեն իրականացվել վերջին երեք տարվա ընթացքում։
Տարածաշրջանում տրանսպորտային կապերը չեն վերականգնվել, լոգիստիկ առումով հնարավոր չի եղել Նախիջևանը կապել նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Սա հնարավորություններ է ստեղծում գործընթացում այլ խաղացողների ներգրավելու համար:
«Արևմտականները սկսեցին զուգահեռ ձևաչափեր կառուցել՝ նախաձեռնությունը վերցնելու համար։ Եթե Արևմուտքն օգնի որոշել ամեն ինչ, ինչի՞ համար է պետք այնտեղ Ռուսաստանը: Իսկ հետո հայկական կողմը կբարձրացնի Ռուսաստանի ռազմական ներկայության նպատակահարմարության հարցը։ Արևմտյան ձևաչափերն ու ռուսաստանյանը կրկնօրինակում են միմյանց, ինչը նշանակում է, թե ով ում կհաղթի»,- ասում է ռուս պաշտոնյան։
Ռուսական պետական կառույցների աղբյուրը նշում է, որ, չնայած բոլոր դժվարություններին, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում շատ դրամատիկականացնելու կարիք չկա. «Առայժմ դիրքերն ամուր են։ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը երկխոսություն կվարի. Իսկ մեկ ուրիշի ներկայությունը Բաքուն չի պատրաստվում թույլ տալ։ Կանգնած է իր դիրքերում»:
Միաժամանակ, «Կոմերսանտի» զրուցակիցը նշում է, որ առանց ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր հարցերը (այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագիրը) առկախված են մնում։
Իգոր Խովաևի առաքելությունը, ըստ նրա, հումանիտար ճգնաժամը կարգավորելու փորձ է, որպեսզի տարածաշրջանը կարողանա «սնունդ, դեղամիջոցներ և մնացած ամեն ինչը» ստանալ։ «Հիմա գլխավորը հումանիտար ճգնաժամի վերացումն է, որի պատճառով այժմ ամեն ինչ էլեկտրականացել է։ Ռուսաստանը փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով - Կոմերսանտ), ըստ որի բացվում է Աղդամի երթուղին, իսկ մեկ օր անց Լաչինը սկսում է աշխատել»,- նշում է զրուցակիցը։