ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ. Դատական գործը մենք հաղթելու ենք. Դանիել Իոաննիսյան
Երևի հիշում եք հուլիսին հրապարակված (ձայնագրություններով) հետաքննությունը` ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Այդ հետաքննության մասով ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով հերքում ու մեկ միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ նշել է. «Դա նորմալ է, ՀՀԿ-ն էլ էր մեզ դատի տվել, սովոր ենք։ Բայց ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ, քանի որ դատարանից խնդրեց որպես հայցի ապահովման միջոց մեկ միլիոն դրամ սառեցնել մեր հաշվեհամարներին` դրանով իսկ մանր վատություն անելով մեզ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա (մեկ միլիոն դրամ սառեցնելը) համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում, քանի որ դա կապ չունի դատարանում ճշմարտությունը վեր հանելու հետ։
Հ.Գ. Դատական գործը մենք հաղթելու ենք, քանի որ ՔՊ-ին չենք զրպարտել։ Վիճարկելու ենք նաև հաշիվների սառեցումը, քանի որ դա հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմանը»:
Ավելի վաղ Իոաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր. «Մենք չենք զրպարտել, այլ բարեխղճորեն ներկայացրել ենք տեղեկություններ, եւ ներկայացրել ենք բոլոր այն ապացույցները, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած անաչառ ընթերցողին ստուգել, թե որքանով են մեր եզրակացությունները փաստահեն: Սա ճնշում է կազմակերպության նկատմամբ»: Նա նաեւ հավելել էր, որ նախքան դատարան հայց ներկայացնելը կազմակերպությանը հերքման պահանջ չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն, որում Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ։