Լեհաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռաուն գրառում է կատարել X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Կիև կատարած նրա այցից հետո։ Մենք քննարկել ենք Լեհաստան-ԱՄՆ ներկայիս համագործակցությունը՝ ռուսական իմպերիալիզմը զսպելու գործում, Ուկրաինային աջակցությունը, որը պաշտպանվում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զսպող կարողությունների ամրապնդումը դաշինքի արևելյան թևում», - գրել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։
Զբիգնև Ռաուն հավելել է, որ լեհ-ամերիկյան դաշինքը ամուր անդրատլանտյան հարաբերությունների հիմքն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում։ Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։