Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական
Հայաստանում անցկացվելիք «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը «Reuters» լրատվական գործակալությանը փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։
Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Նշվում է, որ այն կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար։