Բուլղարիայում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել
Բուլղարիայի Ցարևո քաղաքում Սև ծովի ափերի մոտ ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի ՆԳՆ-ն։
Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր քաղաքի տարածքում հորդառատ անձրևներից հետո երեք անհետ կորածների որոնումների մասին: Իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել, որի աշխատանքներին կմասնակցի վարչապետ Նիկոլայ Դենկովը։
Տեղատարափ անձրևի պատճառով, որը չէր դադարում գրեթե 24 ժամ, քանդվել են մի քանի կամուրջներ, որոնք իրենց հերթին մեկուսացրել են Ախտոպոլ, Վարվարա, Սինեմորեց և Ռեզովո բնակավայրերը։ Վրանային ճամբարում մարդկանց տարհանում են։ Հաղորդվում է, որ մի քանի մեքենաներ հայտնվել են ծովում։ Մի շարք տարածքներ գտնվում են ջրի տակ։ Հորդառատ անձրևների պատճառով առաջացել են ջրհեղեղներ։ Ցարևոյի քաղաքապետարանը արտակարգ դրություն է հայտարարել։ Փրկարարական աշխատանքները սկսվել են, բնակչությանը բարձրախոսների օգնությամբ զգուշացնում են անվտանգ վայրեր տարհանվելու անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ Օդերևութաբանության և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը Բուլղարիայի 15 շրջաններում առաջին աստիճանի նախազգուշացում էր հայտարարել, ինչպես նաև երկրորդ աստիճանի նախազգուշացում՝ Բուրգասի համար։