Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամներն առաջին անգամ սկսել են նորմալ գործել
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է կատարել հաջող վիրահատություն՝ փոխարինելու մարդու երկու երիկամներն էլ գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։
Հիվանդի մոտ նախկինում ուղեղի մահ էր ախտորոշվել. ընտանիքի թույլտվությամբ, վերջինիս փոխպատվաստել են խոզի երիկամներ։
Aysor.am-ի փոխանցմամբ՝ բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով նոր մարմինը թունավոր թափոններից։
Եզակի վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական հանրության կողմից և հրապարակվել JAMA Surgery գիտական ամսագրում:
Թեև այս դեպքն առայժմ միակն է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդների։
Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում են ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ այդպես էլ չստանալով համապատասխան դոնորական օրգան:
Որպեսզի վիրահատությունից հետո հիվանդի օրգանիզմը չմերժի դոնորական օրգանը՝ որպես օտար, փոխպատվաստման համար խոզի երիկամները հատուկ աճեցվել և «մարդկայնացվել» են գենետիկական հարմարվողականության մեթոդով։
ԴՆԹ-ի շղթայում գիտնականները գտնում և «անջատում են» խոզի չորս գեներ (GTKO, CMAH, B4GALNT2, GHR), որից հետո այն լրացնում են մարդու վեց գեներով (CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1):
Գիտական փորձարկումների շրջանում միայն այս անգամ բժիշկներին հաջողվել է ապահովել դոնոր օրգանի կատարյալ աշխատանքը, գործառույթներից հիմնականը արյան զտումն է և օրգանիզմի մաքրումը վնասակար թափոններից (առաջին հերթին՝ կրեատինինից):