Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի երկրում մորթու բուծումն արգելելու նախաձեռնությունը
Ֆինլանդիայում մորթու բուծումն արգելելու քաղաքացիական նախաձեռնությունը մեկ օրում հաղթահարել է երկրի քաղաքացիների 50000 ստորագրության անհրաժեշտ շեմը և այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին և մեկ օր անց այն ստորագրել է 76.4 հազար քաղաքացի։
«Մենք՝ ներքոստորագրյալներս, առաջարկում ենք խորհրդարանին՝ պահանջել կառավարությունից պատրաստել օրենք մորթու աճեցման արդարացված արգելքի մասին և հնարավորինս սեղմ ժամկետներում խորհրդարանին ներկայացնել կառավարության համապատասխան առաջարկը»,- հայտնել են նախաձեռնության հեղինակները։
Նրանք առաջարկում են մշակել մորթու արտադրությունն աստիճանաբար դադարեցնելու անցումային ծրագիր։ Այն կներառի ֆինանսական աջակցություն ֆերմաներին, որոնք կարճ ժամանակում կդադարեցնեն իրենց գործունեությունը: