Սիրիայի հյուսիս-արևելքում 9 արաբ աշխարհազորային է զոհվել քրդերի հետ մարտերում
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) քրդական կազմավորումները շրջապատել են Դեյր էզ Զորի նահանգում իրենց դեմ խռովություն բարձրացրած արաբական ցեղերի վերջին երկու առաջադիրքերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ արաբ աշխարհազորայինները դիմադրություն են ցույց տալիս քուրդ մարտիկներին և կորուստներ կրում։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Զեյբան ավանի համար մղվող մարտերում զոհվել է առնվազն 9 աշխարհազորային։ Քրդերը գրավել են Զեյբանի և նրա հարևանությամբ գտնվող Էթ Թայյանի շրջակա տարածքները։ Նրանք հակառակորդին ստիպում են անձնատուր լինել՝ հարվածներ հասցնելով անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Ուժեղ կրակի պատճառով առանձին շրջանների բնակիչներ տեղափոխվել են Եփրատի արևմտյան ափ, որը վերահսկվում է կառավարական զորքերի կողմից։
Ավելի վաղ սեպտեմբերի 2-ին սկսված հարձակման ընթացքում քրդական կազմավորումները գրավել էին Դեյր էզ-Զորի նահանգի Էլ Բուսեյրա և Էշ Շուհեյլ քաղաքները՝ այնտեղից դուրս մղելով աշխարհազորայինների ջոկատները։ ՍԴՈւ-ի հրամանատարությանը հաջողվել է հրադադարի շուրջ համաձայնության գալ ուքեյդատ ցեղի շեյխերի հետ, որն ամենամեծաթիվն է Սիրիայի հյուսիս-արևելքում։
Արդյունքում քրդերի կողմից վերահսկվող տարածքների մեծ մասում այժմ վերականգնվել է կարգուկանոնը, խռովությունները դադարել են։ Քրդական վարչակազմը համաձայնել է ցեղերի պահանջներին՝ ավելացնելու սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների մասնաբաժինը։
Տեղացի ցեղերի ջոկատների և քրդական կազմավորումների միջև բախումներն սկսվել են օգոստոսի 27-ին, որոնց ընթացքում զոհվել են 39 աշխարհազորային, ՍԴՈւ-ի 23 մարտիկ և 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։ Վիրավորների թիվը գերազանցել է 100-ը։