Տեղատարափները հեղեղումներ են առաջացրել կենտրոնական Հունաստանում․ կա զոհ
Հունաստանի կենտրոնական մասում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որի հետևանքով 1 մարդ է մահացել, ևս 1-ը՝ անհետ կորել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է հունական «Kathemirini» պարբերականի հրապարակումից:
Տարերքներից տուժել են Վոլոս քաղաքը և հարակից մի քանի բնակավայրեր. այնտեղ ջրածածկ են եղել հարյուրավոր տներ, ինչպես նաև ճանապարհներ։
Սեպտեմբերի 4-ի երեկոյան Հունաստանում ամպրոպներ են սկսվել, որոնք տևել են շուրջ 10 ժամ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին երկրում վատ եղանակային պայմանները կշարունակվեն: Սպասվում է նաև, որ սեպտեմբերի 5-ին ավելի ուշ և սեպտեմբերի 6-ին կենտրոնական Հունաստանում տեղումները կհասնեն շուրջ 650-700 մմ-ի։
Վոլոսի ոստիկանությունը վտանգավոր եղանակային երևույթների կապակցությամբ արգելել է ավտոմեքենաների երթևեկությունը քաղաքի փողոցներում և բնակիչներին հորդորել դուրս չգալ տներից։
Հունաստանում տեղատարափներին նախորդել են անտառային հրդեհներ, որոնք խլել են 25 մարդու կյանք և ոչնչացրել բուսականությունն ավելի քան 150 հազար հեկտար տարածության վրա: