Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. վարչապետն այցելել է Կաթնաղբյուրի նորակառույց դպրոց (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 180 աշակերտ:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Մենք այստեղ էինք մի քանի ամիս առաջ և պայմանավորվեցինք, որ սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի: Երեկ, այսօր և նախորդ օրը մենք մի քանի դպրոցներ ենք այցելել: Երեկ չորս դպրոց այցելեցինք, նախորդ օրը՝ երկու, որոնք նորակառույց են: Այս այցերով մենք ոչ միայն մեր ուրախությունն ենք արտահայտում, այլև փորձում ենք տեսնել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու: «Այսօր մենք արձանագրում ենք, որ աշխատանք ունենք անելու: Իհարկե, բոլոր տեղերում էլ լինում են շինարարական որոշակի թերություններ, որոնք պարտադիր պետք է շտկվեն: Երեկ աշխատանքային կարգով պայմանավորվեցինք, որ ընդհանրապես սա մեր սկզբունքն է՝ առավել ևս դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չենք ունենալու: Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ պետք է համապատասխանի Կառավարության սահմանած տեխնիկական առաջադրանքին»:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործադիրը շինարարության նոր մշակույթ է փորձում ներդնել: «Օրինակ՝ դպրոցների մոդուլային այս նախագիծը. Հայաստանի Հանրապետությունում այս տեսակի դպրոց երբեք գոյություն չի ունեցել: Սա կարևոր նրբություն է, որը հաճախ չենք նկատում, բայց փաստ է: Այսինքն՝ այսպիսի դպրոց, այսպիսի նախագծով, այսպիսի ճարտարապետությամբ, այսպիսի բովանդակային տրամաբանությամբ չենք ունեցել, և հետևաբար նորմալ է, որ հընթացս սովորում ենք: Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածությանն խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Ոչինչ, այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»:
Վարչապետի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ Կառավարության նախագծերի, հատկապես մոդուլային տիպի դպրոցի վերաբերյալ արձագանքը դրական է. «Իհարկե, այս նախագծի հետ կապված դեռ դպրոցներն էլ պետք է արձագանքեն, բայց իմ նախնական տպավորությամբ՝ մեր ունեցած նախագծերի մասին, արձագանքն ընդհանուր առմամբ դրական է: Ընթացիկ աշխատանքները կիրականացվեն, բայց ամեն դեպքում մեր արձանագրումն այն է, որ այս շենքային պայմաններում հնարավոր է կազմակերպել բարձր մակարդակի կրթական գործընթաց, և մենք դա ենք ակնկալում դպրոցից»:
Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից բարձրացվել են նաև ԲՏՃՄ ուղղության առարկաներ դասավանդող ուսուցիչների, հեռավոր և թերբեռնված դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ կամավոր ատեստավորումից: «Բայց կամավոր ատեստավորումը մեզ համար շատ կարևոր է: Հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, դուք պետք է իմանաք, որ ձեր աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է: Դա սեպտեմբերի 1-ից չէ, այլ այն պահից, երբ դուք դա կորոշեք, որովհետև Կառավարությունն այդ հնարավորությունը ձեզ համար ստեղծել է: Մենք ասում ենք՝ գնացեք և վերցրեք ձեր առնվազն կրկնապատկված աշխատավարձը: Դա շատ կարևոր է, որովհետև այդ կամավոր ատեստավորումը նաև պետք է արձանագրի ուսուցչի համապատասխանությունը հանրակրթության նոր չափորոշիչին, որն ընդունել ենք: Շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում ներդաշնակ քաղաքականություն վարենք, ներդաշնակ լինենք իրար հետ՝ Կառավարությունը, մանկավարժական կոլեկտիվները, Տեղական ինքնակառավարման մարմինները: Մենք որքան էլ բարձր ենք միշտ խոսել դպրոցի մասին, բայց միշտ դպրոցը թերագնահատել ենք: Դպրոցի հիմնական գործառույթը հետևյալն է՝ սովորեցնել երեխային, թե ինչպես է հասուն կյանքում ապահովելու իր և իր ընտանիքի բարեկեցությունը:
Մենք պետք է երեխային սովորեցնենք, թե ինչպես լավ ապրել: Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար, իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ, և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում:
Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ դպրոցի իմաստն ու նպատակներից է նաև յուրաքանչյուր երեխայի մեջ բացահայտել այն լավագույն տաղանդը, որը նրա համար կապահովի բարեկեցություն և հետևաբար զարգացում տնտեսության մեջ։
Վարչապետը կարևորել է 300 դպրոցի կառուցման Կառավարության ծրագիրը և հույս հայտնել, որ առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն: «Մասնավորապես ակնկալում ենք, որ առաջիկայում կբացվեն նորակառույց կամ վերակառուցված դպրոցներ: Սպասում ենք՝ Երևանի 111, 122 հիմնական դպրոցների, Կոտայքի մարզի Ջրառատի, Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցների շինարարության ավարտին։ Երեկ պայմանավորվեցինք, որ այսպիսի ներկայացուցչական կազմով կլինենք բոլոր դպրոցներում ուրախությունը կիսելու, բայց նաև սովորելու, թե մեր աշխատանքի մեջ ինչը պետք է շտկենք, որ հաջորդ փուլերում հենց բացման առաջին օրերից ամեն ինչն իր տեղում լինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Դիմելով աշակերտներին՝ վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խնամել տարածքը և ստեղծել հաճելի, հարմար և հարազատ միջավայր, որը նույնպես ուսումնական գործընթացի մի մաս է:
«Ուզում եմ կրկին բոլորիս շնորհավորել այս դպրոցի գործարկման մեկնարկի առիթով և հաջողություն մաղթել բոլորիս։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: