Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ. New York Times-ի սյունակագրի հոդվածը Արցախի մասին
Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն»։
«Դուք, հավանաբար, չեք լսել Լեռնային Ղարաբաղ կոչվող էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Ադրբեջանի դաժանության մասին, սակայն այն արժանի է քննության», - գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանություն է տեղի ունենում» հայերի նկատմամբ։
«Չափազանց կարևոր է սա պիտակավորել՝ որպես ցեղասպանություն», - ասել է Օկամպոն Նիկոլաս Քրիստոֆին՝ կարևորելով, որ ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ բավական քչախոս Մեծ Բրիտանիան, ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։
New York Times-ում հրապարակված հոդվածում հերթական անգամ խոսվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։
«2020 թվականին Ադրբեջանը կարճ պատերազմ մղեց, որի ընթացքում հետ գրավեց անկլավի մեծ մասը, և այժմ այն ցանկանում է հետ բերել մնացած մասը և, ըստ իս, դուրս մղել էթնիկ հայ բնակչության մեծ մասին», - նշում է հոդվածի հեղինակը:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։