Դատախազությունը ուսումնասիրում է ՔՊ երթերին գումարով մասնակցելու վերաբերյալ հրապարակումը
ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։
Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ «Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։
Դիտորդական առաքելությունից նաև պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։