Արցախում պետք է ցույց տանք, որ երեք հոգի նկուղում նստած չեք կարա որոշում կայացնեք. Սամվել Բաբայան
Ես չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել, նրա հրաժարականը նաև անակնկալ չի եղել։ Այս մասին «Ազատությանը»-ը տված իր հարցազրույցում նշել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության նախկին նախար Սամվել Բաբայանը։ Ինչ վերաբերում է որոշ պնդումներին, թե Արցախում տեղի ունեցածը հեղաշրջում է, Սամվել Բաբայանը կարծում է.
«Ես դրա մասին վերջերս հայտարարություն էի տարծել, մի 8 օր առաջ է եղել, որ Արցախում կողային պայմանավորվածություններ են ձեռք բերում 3 հոգով, ոնց որ տեսաք, կարելի է պայմանավորվեն և Հայաստանից ոմանք, Արցախում փոխեն նախագահ։ Բայց դա ոչ թե Արայիկ Հարությունյանին պարտադրեցին, այլ Արայիկ Հարությունյանն էլ իրենցից մեկն է։ Հիմա դերը տված էր, նա չկարողացավ մինչև վերջ խաղալ, փոխեցին, բերում են նոր դերակատար։ Սա այլ խնդիր է, բայց որ Արցախի հանրությունը ամսի 8-ին պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեք կարա որոշում կայացնեք»։
Հարցին՝ եթե հիմա Սամվել Շահրամանյանին ներկայացնեն նախագահի թեկնածու, դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ, Սամվել Բաբայանը այսպես արձագանքեց. «Ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի։ Մնացած բոլորն, ովքեր պետք է քվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են։ Շատ լուրջ պատասխանատվության առաջ են, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն, հակառակ դեպքում շատ դաժան է լինելու, որովհետև մենք չգիտենք վաղն ինչ է լինելու, որովհետև եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք, որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք... խնդիրն էդ անձը չի, այլ՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է։ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ։
Իսկ հարցին, ովքե՞ր են այդ երեք հոգին, անուն-ազգանունը կարո՞ղ ենք հրապարակել, Սամվել Բաբայանը նշեց․ «Իմը ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել, իրենց ովքե՞ր են թելադրել Երևանից կամ տեղում, դա արդեն տեղյակ չեմ»։