Երևանի Մանկական այգու տարածքում ինքնակամ կառուցված շինություններն օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի Մանկական այգու (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու տարածքում ինքնակամ կառուցված՝ 23.4 և 20.0 քմ մակերեսներով շինությունները, 13.1 քմ մակերեսով բեմը, 6.0 քմ մակերեսով ստորգետնյա պոմպակայանը, 11.2 քմ և 2.2 քմ մակերեսներով ստորգետնյա շինությունները, 22.0 քմ և 49.0 քմ մակերեսներով ջրավազանը, օրենսդրական պահանջների խախտմամբ, ճանաչվել են Ա.Թ.-ի սեփականությունը: Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման հիման վրա՝ Կադաստրի կոմիտեում կատարվել է իրավունքի պետական գրանցում, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության (համայնքի) օրինական շահերին:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
2023 թվականի օգոստոսի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):