Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Աբդոլլահիան
Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա պատմական տարանցիկ երթուղիների արգելափակում:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ․ հաղորդում է MEHR News լրատվական գործակալությունը։
«Եկել է ժամանակը թողնելու լարվածության և հակամարտությունների շրջանը և առաջ շարժվել դեպի Կովկասում խաղաղության և համագործակցության հաստատման շրջան։
Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների արգելափակում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Թեհրանում կայացել է Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։