Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես նվիրված Մոսկվայի 876-ամյակին
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։
150 ավելի շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցել են 8 միջազգային գրոսմայստերների հետ:
Մասնակիցների թվում է եղել շախմատիստ, գրոսմայստեր (2017), մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն (2016) Հայկ Մարտիրոսյանը, որը վերջերս Ալմաթիում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ տեղը և երկրորդ տեղը Timisoara Grand Prix Rapid մրցաշարում:
«Հաճելի է մասնակցել նման մրցաշարերի։ Ի վերջո, սա ևս մեկ հնարավորություն է խաղալու և մրցելու ընկերների հետ» ,- նշել է Հայկ Մարտիրոսյանը։
«Տարեցտարի մրցաշարի անցկացման մասշտաբները մեծանում են։ Արդեն 4-րդ տարին է սերտ գործակցում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ Եզրափակիչ անցած մասնակիցները խաղում էին Հայաստանի ուժեղագույն շախմատիստների հետ: Ուրախ եմ, որ հնարավորություն կա անցկացնելու նման միջոցառումներ, որոնց միջոցով մեծանում է հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»,– նշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Մրցաշարի կիսաեզրափակչում իր ուժերն է փորձել նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
«Արդեն 50 տարի շախմատ եմ խաղում, բայց ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան այստեղ ներկա շախմատիստները։ Շախմատի հանդեպ իմ սերը դեռ մանկուց է։ Հայաստանը եզակի երկիր է, որտեղ ծնվում են հրաշալի շախմատիստներ», – նշել է Ալեքսանդր Կոնյուկը։
Համառ պայքարում հաղթել են Էմին Օհանյանը (1-ին տեղ), Տիգրան Պետրոսյանը (2-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (3-րդ տեղ): Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
«Մեծ պատիվ է, որ նման պրոֆեսիոնալները և ճանաչված վարպետները մասնակցում են մեր մրցաշարին: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի մրցաշարի կազմակերպումը լինի բարձր մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ գործակցությունը կշարունակի զարգանալ և տարեցտարի մեր մրցաշարի մասնակիցների թիվը կավելանա»,- նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մրցաշարի բոլոր մասնակցիները ծանոթացել են կենտրոնում բացված ցուցահանդեսին, որը ներկայացնում է Մոսկվայի տեսարժան վայրերը։ Ռուսական աշխարհագրական ընկերության հետ բացված ցուցահանեսը ներկայացնում է քաղաքի ճարտարապետությունը, փողոցները, բնակիչների սովորություններն ու ավանդույթները, տրանսպորտաին ցանցերը։
«Այսօր Մոսկվան աշխարհի ամենաարագ զարգացող մեգապոլիսներից է։ Այն իրավամբ համարվում է ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկը, որն իր մոտ է տանում շատ տաղանդավոր մարդկանց։ Նրանց թվում քիչ չեն հայերը, որոնք Մոսկվայի պատմության ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նրա բարգավաճման գործում։ Իզուր չէ, որ մինչև օրս մայրաքաղաքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմական շենքեր, որոնք կառուցվել են հայերի կողմից», – ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Իր տեսակի մեջ եզակի ցուցահանդես է, այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել Մոսկվան, ծանոթանալ արխիվային նյութերի։ Կարծում եմ յուրաքանչյուրն իր համար նոր, հետաքրքիր փաստեր կբացահայտի Մոսկվայի մասին»,– ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի ատաշե Դենիս Նազարովը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառումներն անցկացնում է Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի հովանու ներքո և ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: