Անհրաժեշտ է հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար. Իշխան Սաղաթելյան
Այս հանրահավաքը հերթական հանրահավաք չէ, այն ունի առաքելություն։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր մեր համասփյուռ հայ ժողովուրդը միջազգային հանրությանը, մեր բարեկամ դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է, որ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը, հայ ժողովրդի օրակարգը չէ: Հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակաել պայքարը իր հայրենիքի համար:
Սիրելի արցախցիներ, դուք այս օրերին ձեր զրկանքների և տառապանքի գնով բարձր եք պահում հայ ժողովրդի պատիվը: Դուք ձեր տոկունությամբ և համառությամբ գրում եք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը»,- ասել է նա:
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այսօր յուրաքանչյուր արցախցի իր դիմադրությամբ պաշտպանում է Հայաստանի որևէ՛ գյուղ, որևէ՛ քաղաք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
«Անհրաժեշտ է հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար:
Պետք է Երևանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժը: Մեր բոլոր քայլերը և գործողությունները ուղղված է լինելու դրան: Ես մի բան կարող եմ ասել, ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ, ասում եմ մեկ բան, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու»,- ասել է Սաղաթելյանը: