Աժ-ն հերքում է. Զոհվածն ԱԺ աշխատակազմի աշխատակից չէ
ԱԺ-ն հերքում է, որ Սյունիքում վթարի հետևանքով զոհված քույրերից մեկն ԱԺ աշխատակազմի աշխատակից է։
«Ազգային ժողովի աշխատակազմը ցավակցում է Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառով մահացած քույրերի հարազատներին: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում Բուրաստան Խոսրովյան անուն-ազգանունով աշխատակից չկա։ Նշենք նաեւ, որ ԱԺ աշխատակիցների վկայականներն այլ տեսք ունեն»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Armlur.am-ը վկայակոչելով իր տեղեկությունները գրել էր՝ Սյունիքի ճանապարհին վթարից մահացածները հարազատ քույրեր էին։ Մահացածներից Բուրաստան Խոսրովյանը ՀՀ ԱԺ արարողակարգի առաջատար մասնագետ էր։ Քույրերը մեկնում էին Խնձորեսկ՝ հարսանիքի։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է ձորը գլորված (մոտ 30 մ) «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։
Փրկարարները ձորից դուրս են բերել Բ․ Խ․-ի (ծնված 1989թ․) և Ա․ Խ․-ի (ծնված 1982 թ․) դիերը, մոտեցրել շտապօգնության մեքենաներին և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: