Ստեփան Օգանեսյանը խոսել է Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին
Ռուսական «Օրենբուրգ» ակումբի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանն ասել է, որ ուրախ է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից հրավեր ստանալու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Матч ТВ»-ն, Օգանեսյանն ընդգրկված է Ռուսաստանի հավաքականի կազմում սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքի համար։ Սպասվում է, որ սեպտեմբերի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Վալերի Կարպինի գլխավորած ընտրանին երեք հանդիպում կանցկացնի՝ երկու անգամ Եգիպտոսի օլիմպիական հավաքականի (սեպտեմբերի 7-ին և 11-ին) և Քաթարի ընտրանու հետ (սեպտեմբերի 12)։
«Թիմի ադմինիստրատորն ինձ փաստաթուղթ է ուղարկել, որտեղ ասվում է, որ ինձ կանչել են սեպտեմբերյան հավաքին։ Շատ ուրախ եմ այդ առթիվ։ Ես մտածում էի առաջիկա խաղերի մասին և ուշադրություն չէի դարձնում դրան»,- ասել է հայ ֆուտբոլիստը։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ իրենք զրուցել են Օգանեսյանի հետ՝ Հայաստանի հավաքական հնարավոր տեղափոխության շուրջ։
Օգանեսյանը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Օրենբուրգի» կազմում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։