Պետք է Արցախի խնդրով ռազմավարություն մշակվի. Սեյրան Օհանյան
«Նույնիսկ այսօր, երբ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում կառավարման համակարգում, այն պետք է նայել դրական տեսանկյունից, որովհետև այնտեղ տեսնում ենք որոշակի խնդիրներ, հարաբերություններ, անհամաձայնություն քաղաքական էլիտայի գործողություններում»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ նման փոփոխությունները դրական տեսանկյունից պետք է դիտարկել:
«Պետք է Արցախի խնդրով ռազմավարություն մշակվի»,-ասել է Օհանյանը, կոչ անելով մասնակցել այսօր նախատեսված հանրահավաքին:
«Հանրահավաքն այնքան հուժկու պետք է արվի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու և Արցախի ինքնորոշման հարցն առաջ տանելու համար»:
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական այն կեղծիքին, թե Արցախում կա ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումներ:
«Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ-եր չկան, Արցախի տարածքում կան հայկական զինված ուժեր, բայց դրանք արցախյան զինված ուժերն են՝ Արցախի Պաշտպանության բանակը, որը ստեղծվել է իր ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար՝ դեռևս առաջին պատերազմի տարիներին, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան ադրբեջանցիները սանձազերծել են պատերազմական գործողություններ»,-ասել է նա:
Սեյրան Օհանյանը հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում իր կայուն զարգացումն ապահովելու: