Նիամեյում ցուցարարները սպառնում են գրոհել Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունը
Նիգերում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցի մասնակիցները սպառնում են գրոհել դիվանագիտական ներկայացուցչության շենքը, եթե Ֆրանսիայի դեսպանը չլքի երկիրը առաջիկա մի քանի ժամում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին տեղեկատվություն են տարածել տեղի լրատվամիջոցները։
Տեղեկատվության համաձայն՝ ցուցարարներն ապամոնտաժել են դեսպանատան շուրջ գտնվող երկաթյա ամրությունները՝ շենքը հսկող նիգերացի զինվորականների ու ոստիկանների աչքի առաջ։ Ցուցարարների թիվը շատ ավելի մեծ է, քան նախորդ օրերին, նրանք բարձրաձայն վանկարկում են հակաֆրանսիական կարգախոսներ։
Սեպտեմբերի 1-ին Նիգերի ՆԳՆ-ն, որը ձևավորվել է Հայրենիքի փրկության ազգային խորհրդի ապստամբների կողմից, կրկին պահանջել է Նիամեյում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեից լքել աֆրիկյան երկրի տարածքը։ Դիվանագետին 48 ժամ է տրվել։ Գերատեսչությունում նշել են, որ Ֆրանսիայի դեսպանն ու նրա կինը գտնվում են Նիգերում անօրինական վիճակում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ապստամբներն իրավունք չունեն որևէ պահանջ ներկայացնել դեսպան Իտեին, քանի որ նրա ագրեմանը (դեսպանին ընդունելու համաձայնագիրը) տրվել է Նիգերի օրինական իշխանությունների կողմից։