Իտալիայում Ամարենա անունով արջի սպանությունն առաջացրել է մարդկանց վրդովմունքը
Իտալական Սան Սեբաստիանո դե Մարսի քաղաքի մերձակայքում տեղի բնակիչներին քաջ հայտնի արջ են սպանել։ Նրան սպանած տղամարդն ասել է, որ վախից կրակ է բացել նրա վրա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին, ընդամենը մի քանի օր առաջ ֆիքսել են թե ինչպես է արջը՝ Ամարենան, երկու ձագուկների հետ քայլում քաղաքի փողոցներով։
Տեղի նահանգապետ Մարկո Մարսիլիոն ասել է, որ Աբրուցո շրջանում ոչ մի արջ երբեք որևէ վտանգ չի ներկայացրել բնակիչների համար։ Աբրուցոյում շատերը ցնցված են Ամարենայի սպանությունից։ Արջին այնտեղ ճանաչում էին, նրան նույնիսկ անվանել էին բալի անունով, որը նա հատկապես սիրում էր։ Նահանգապետը սոցցանցերի միջոցով սպանությունը որակել է որպես անհասկանալի՝ նշելով, որ այն մեծ հարված է հասցրել Աբրուցոյի ողջ շրջանին, որն այժմ ցավի և զայրույթի մեջ է:
Շրջակա միջավայրի նախարար Ժիլբերտո Պիչետոն իր հերթին միջադեպն անվանել է շատ լուրջ և ասել, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի արջի երկու ձագերը պաշտպանված լինեն հարձակումներից և մնան վայրի բնության մեջ:
Ամարենան մոտ 60 մարսիկան (Ապենինյան) գորշ արջերից մեկն էր, որոնք ապրում են կենտրոնական Իտալիայի Աբրուցո ազգային պարկում: Այդ տեսակն առհասարակ գտնվում է վերացման եզրին։