Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին. Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չորս տարի առաջ, այս նույն օրը գրել եմ այս տողերը։ Այսօր, արցախահայության աննկարագրելի հերոսության ֆոնին այս մտքերը ավելի իմաստավոր են թվում։
Հերոսների սրբատեղին սրբավայր է:
Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին:
Թանկագին՝ ոչ միայն պայմանավորված Անկախ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման առումով իր բացառիկ կարևրությամբ, այլ թանկագին, որովհետև հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել Արցախի ազատագրման համար:
Պատմության զոհասեղանին մենք դրեցինք մեր լավագույն զավակների կյանքն ու արյունը՝ դրանով իսկ սրբացնելով մեր հերոսներին:
Հերոսների սրբատեղին սրբավայր է: Ահա, թե ինչու Արցախը հայության սրբավայրն է՝ մեր Սուրբ Երկիրը: Հայի այցելությունը Արցախ՝ ուխտագնացություն է Սուրբ Երկիր:
Արցախը հայության հավատամքն է և խիղճը՝ հայապահպանության ոգեղեն աղբյուրը: Այդ է պատճառը, որ Արցախը անասելի ուժով ձգում և միաժամանակ միավորում է աշխարհի ամենատարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներին:
Ուստի Արցախը, նախևառաջ, հոգևոր արժեք է հայերիս համար և յուրաքանչյուրս պետք է մեկ բաղձալի նպատակ փայփայի իր հոգում՝ հաջորդ տարի` Արցախում:
Ծնունդդ շնորհավոր Արցախի Հանրապետություն»: