Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի և արաբների միջև բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել
Արաբական ցեղերի աշխարհազորայինները, որոնք ապստամբել են Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների ներկայության դեմ, գրավել են սիրիական Դեյր էզ Զոր նահանգի Հաջին քաղաքը։ Բախումների ընթացքում 40 մարդ է զոհվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ Al Hadath հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ սա թվով հինգերորդ բնակավայրն է, որը հայտնվել է աշխարհազորայինների ձեռքում. ավելի վաղ նրանց հաջողվել է քրդերի վերահսկողությունից դուրս բերել Էշ Շահիլ, Հավայիջ, Էս Սուսա և Զեյբան ավանները։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ` կատաղի մարտերը քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ սկսվել են օգոստոսի 27-ին։
Ավելի վաղ Դեյր էզ Զորի նահանգի՝ այսպես կոչված Ռազմական խորհուրդը «Սիրիայի դեմոկրատական ուժերից» պահանջել էր ազատ արձակել իր առաջնորդ շեյխ Ահմեդ ալ Խուբեյլին, որը քրդերի կողմից ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։ Խուբեյլը 2017-2019 թթ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում դաշնակցում էր քրդերի հետ։ Ռազմական խորհրդի ղեկավարի ձերբակալությունից հետո նրա եղբայր Ջալյալ Խուբեյլն արաբ բնակիչներին կոչ է արել չհնազանդվել քրդական իշխանություններին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում:
Հուլիսի 24-ին տեղական ցեղերի շեյխերն արտահայտվել են Հասեկում, Ռաքքայում և Դեյր էզ Զորում քրդերի կողմից վերահսկվող շրջանները սիրիական պետության ինքնիշխանությանը վերադարձնելու օգտին: Էլ Մեյադին քաղաքում կայացած հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» «դարձել է խամաճիկ կազմավորում, որը պաշտպանում է ԱՄՆ-ի ռազմակայանները»։
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվում է շուրջ 900 ամերիկացի զինծառայող, որոնք տեղակայված են ինը ռազմակայաններում։ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում օժանդակում էր «Սիրիայի դեմոկրատական ուժերին»։