Մենք բավական մեծ հակահարված ենք տվել, ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է. Անդրանիկ Թեւանյան
Մեր զինված ուժերը բավական մեծ հակահարված են տվել ադրբեջանցիներին, ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է։ Այս մասին Վարդենիսից ուղիղ հեռարձակմամբ պատմեց Երեւանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
«Սկզբնական շրջանում հրետակոծում էին Սոթքի սահմանային դիրքերը, որից հետո սկսեց հրետակոծվել նաեւ Նորաբակի սահմանը։ Առավոտյան տեղեկություն կար, որ թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը եւ սահմանին իրավիճակը լարված է։ Մոտավորապես ժամը 9-ից եղել եմ Սոթքի տարածքում, ինտենսիվ փոխհրաձգություն էր տեղի ունենում»,- Թեւանյանի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը։
Անդրանիկ Թեւանյանը նշեց, որ Փաշինյանի խաղաղություն օրակարգում թշնամին անընդհատ լկտիանում է եւ փորձում լարվածություն ստեղծել սահմանին։
«Պետք է զգոն լինենք եւ կարողանանք խուսափել այդ ոչ ցանկալի զարգացումներից։ Դրա համար էլ մենք ներկայացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ օրակարգը անվտանգությունն է եւ այդ օրակարգով էլ քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որ փոփոխության ենթարկվի Հայաստանի ներքին կյանքը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։