Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի միջև արդյունավետ գործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիհադ Ազուրին հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է փոխշահավետ գործակցության շրջանակում հետագայում ևս աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում և երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:
Հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին: