Եգիպտոսում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ Bright Star 2023 զորավարժությունները՝ 34 երկրի մասնակցությամբ
Եգիպտոսի ռազմաբազաներում մեկնարկել են Եգիպտոսի և ԱՄՆ-ի Bright Star 2023 զորավարժությունները՝ 34 երկրի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է արաբական հանրապետության զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Նրա տվյալներով, ուսումնական զորավարժությունները սկսվել են օգոստոսի 31-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը Եգիպտոսի հյուսիսում տեղակայված Մուհամմեդ Նագիբ խոշոր ռազմաբազայում, ինչպես նաև արաբական հանրապետության մի քանի այլ ռազմաօդային և ռազմածովային բազաներում։ Զորավարժություններին մասնակցում են 19 երկրների ավելի քան 8000 զինծառայողներ, ևս 15 պետությունների ներկայացուցիչներ հանդես են գալիս որպես դիտորդ։
Առաջին Bright Star զորավարժությունները տեղի են ունեցել 1980 թվականին և մինչև 2009 թվականը ավանդաբար տեղի էին ունենում երկու տարին մեկ անգամ, համարվում էին ամենախոշորը Մերձավոր Արևելքում, որոնց մասնակցում էին մի շարք այլ պետությունների զորախմբեր և դիտորդներ։ 2018 թվականին այս զորավարժությունները դարձան խոշորագույնը իրենց պատմության մեջ, երբ դրանց մասնակցեցին նաև Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Հորդանանի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի ցամաքային զորքերի, ռազմածովային և օդային ուժերի ստորաբաժանումները։ Որպես դիտորդներ հրավիրվել էին 16 պետությունների ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը զորավարժություններին ուղարկել էր 800 զինծառայող։