Հարավային Օսիայում միայնակ և տարեց քաղաքացիների հարազատներին թույլ են տվել հատել Վրաստանի սահմանը
Հարավային Օսիայի իշխանությունները հանրապետության սահմանամերձ Լենինգորսկի շրջանի միայնակ ու տարեց բնակիչների հարազատներին թույլ է տվել անցնել Վրաստանի հետ սահմանը՝ նրանց օգնելու համար։ Որոշումն ընդունել է Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդը, նիստը վարել է հանրապետության նախագահ Ալան Գագլոևը։
Անդրկովկասյան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ, Գագլոևը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է Լենինգորսկի շրջանի միայնակ ու տարեց բնակիչների հարազատներին Ռազդախանի անցակետով պետական սահմանը հատելու անցագրեր տրամադրելու հարցը:
«Անվտանգության խորհրդի որոշմամբ Լենինգորսկի շրջանի միայնակ և տարեց բնակիչների հարազատներին թույլատրվում է միանվագ անցագրեր տրամադրել Ռազդախանի անցակետով պետական սահմանը պարզեցված կարգով հատելու համար՝ մինչև ձմեռային շրջանը վերը նշված քաղաքացիների տնտեսական խնդիրների լուծմանն աջակցելու համար՝ համաձայն Հարավային Օսիայի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի հետ համաձայնեցված ցանկի, անցագրերի տրամադրման օրվանից երեք ամիս ժամկետով», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Որոշման կատարման վերահսկողությունը վստահված է Հարավային Օսիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Անատոլի Պլիևին։
Հարավային Օսիայի սահմանը Վրաստանի հետ փակ է 2019 թվականի սեպտեմբերից՝ Հարավային Օսիայի Ուիստա գյուղի մոտ վրացական անցակետի տեղադրման հետևանքով սահմանային գոտում սրված իրավիճակի պատճառով։ Անցյալ տարվա օգոստոսին Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդը սահմանամերձ շրջանների բնակիչներին թույլ է տվել յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը հատել Վրաստանի հետ սահմանը։