Թուրքիայի խորհրդարանն աշնանային նստաշրջանում կքննարկի նոր սահմանադրության նախագիծը
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խնդիրներից է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո հանրապետությունում գործող սահմանադրության փոխարեն նոր սահմանադրության ընդունումը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի հոկտեմբերին բացվող աշնանային նստաշրջանի քննարկմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում արդարադատության մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է TRT-ն։
«2011 թվականից մենք երազանք ունենք՝ ազատել Թուրքիան «հեղաշրջումների սահմանադրությունից», ընդունել նոր հիմնական օրենք, որը հարիր կլինի «Թուրքիայի դարին», պաշտպանել մեր 85 միլիոն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքների մեկնարկով մենք կրկին կներկայացնենք մեր նախաձեռնությունները նոր սահմանադրության վերաբերյալ։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին, դատարաններին, բուհերին, պետական մարմիններին և բոլոր քաղաքացիներին իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը երկու անգամ համաժողովրդական հավանությանն էր ներկայացրել սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերը։ 2017 թվականի հանրաքվեից հետո հանրապետությունում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվել էր նախագահականով, սակայն այս փոփոխությունների լոիյսի ներքո նոր սահմանադրություն չէր ընդունվել։ Մայիսին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանն ասել էր, որ նոր սահմանադրության ընդունումն իր վարչակազմի գլխավոր խնդիրներից մեկն է։