Արարատի ոստիկանները բացահայտեցին ծննդյան արարողության ժամանակ կատարված գողությունը
Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել Լուսառատ գյուղի մի բնակչուհի: Նա հայտնել է, որ օրեր առաջ, 12-ամյա դստեր ծննդյան արարողության ժամանակ, հյուրերից մեկը ննջասենյակում դրված պայուսակից գողացել է ոսկյա երեք զարդ՝ պատճառելով մոտ 160 հազար դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած տվյալներն իրացվեցին օգոստոսի 31-ին: Հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվեց Ավշար գյուղի բնակիչ, 28-ամյա մի կին: Պարզվեց, որ նա է օգտվել տանտերերի զբաղված լինելու հանգամանքից և գողացել ոսկյա զարդերը, որոնք օգոստոսի 22-ին վաճառել է Արարատ քաղաքի ոսկու խանութներից մեկում՝ 126 հազար դրամով:
Կինը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: