Թմրամիջոցները մտել են դպրոցներ ու բուհեր. Եկել եք դուրս շպրտելու Ժաննա Անդրեասյանին. Ակցիա՝ ԿԳՄՍՆ-ի մոտ
«Մայր Հայաստան» դաշինքի կին անդամները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով դպրոցներում եւ բուհերում թմրամիջոցների տարածման դեմ:
«Մենք գալու ենք ձեր բոլորի հետեւից: Ժաննա Անդրեասյան, ձեր անբարոյականությունը, սրբապղծությունը սահմաններ չունի՞, 5 տարի է առանց այդ էլ չկայացած կրթական համակարգը քանդում եք: Հայկական արժեքների, հայ առաքելական եկեղեցու պատմության դեմ ձեր պատերազմը հուշում են, որ դուք թուրքական սպասարկու ուժեր եք: Լայն ժպիտներով, տրնգի պարելով շարունակում եք մորթել մեր սերնդին ամեն ձեւով. Մի մասին պատերազմում, մի մասին կրթական սպանդի ենթարկելով, մյուս մասին ոչնչացնելով նարկոտիկներով: Այսօր արդեն գաղտնիք չէ, որ նարկոտիկները մտել են դպրոցներ եւ բուհեր: Դուք պատասխան եք տալու ամեն ինչի համար եւ կանգնելու եք դատարանի առաջ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Իր հերթին ակցիային մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Մայր Հայստանը» եկել է պահանջով, որը մինչեւ վերջ հետապնդելու է, որ եկել է Ժաննա Անդրեասյանի հետեւից, որպեսզի նրան դուրս շպրտի կառավարական շենքերից: Ժաննա Անդրեասյանը հակաազգային քաղաքականություն է վարում: Թմրամիջոցները ներթափանցել են բուհական եւ դպրոցական շենքեր: Այսօր թմրամիջոցների տարածումը աղետալի իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում, որի պատասխանատուներից է նաեւ Ժաննա Անդրեասյանը: Նա բացարձակ չի անդրադարձել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը»: Փոստնջյանը հայտարարեց, որ թմրամիջոցները Հայաստանում տարածվում են իշխանությունների հովանավորությամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: