Արցախի մեր շատ սիրելի դպրոցականներ, ապագան, անկասկած, ձերն է լինելու, իսկ Արցախը` միշտ հայկական․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն իր խոսքն է ուղղել Արցախի դպրոցականներին․
«Արցախի մեր շատ սիրելի դպրոցականներ,
Երբևէ չեմ պատկերացրել, որ այսպես կարող եմ շնորհավորել ձեր գիտելիքի տոնը:
21-րդ դարում տետրեր չունեք, գիր-գրականությունը՝ հին ու կիսատ, ամենահամեստ սնունդը` մեծ խնդիր, հոսանքը` անջատումներով, ձեր ծնողներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ընդմիջման համար ինչ են դնելու ձեր փոքրիկ պայուսակներում, դպրոցական բուֆետը ձեզ ոչինչ չի առաջարկելու, ուսուցիչներից շատերն՝ անտրամադիր ու մտամոլոր... Այս դժվար օրերին ձեր մանկապատանեական կյանքն ակամայից անկոտրուն պայքարի վերածելով՝ այսօր գնալու եք դպրոց:
Դուք, որ ձեր հերոսական պապերի ու հայրերի հազարամյա հպարտ Հայրենիքում արժանի եք ամենալավին, բազում դժվարությունների հետ միասին այսօրվանից հաղթահարելու եք նաև կրթության ու գիտության կարևոր բարձունքները: Թող հույսը և հավատը երբե´ք չլքեն ձեր մաքրամաքուր հոգիները: Իմացե´ք, որ մի ամբողջ Ազգ միշտ սատար է կանգնել և այսօր էլ անվերապահորեն կանգնած է Արցախի համար: Դու´ք եք ապագայի Արցախը, որը հարատևելու է բոլոր խոչընդոտներից և հանգամանքներից անկախ:
Հաղթեք գիտելիքով, ձեր հայեցի դաստիարակությամբ ու մեր ժողովրդի կերտած հերոսական պատմությամբ: Ապագան, անկասկած, ձերն է լինելու, իսկ Արցախը` միշտ հայկական:
Շնորհավորում, ամուր գրկում և համբուրում եմ յուրաքանչյուրիդ»: