Չեմպոնների լիգայի վիճակահանությունը խմբային փուլում միմյանց դեմ է հանել Մխիթարյանի ու Զախարյանի ակումբներին
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին ու կավարտվի դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա 2024թ․ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Հատկանշական է, որ Իտալիայի գավաթակիր «Ինտերն» ընդգրկվել է D խմբում, որտեղ ուժերը կչափի իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Զախարյանն առնվազն երկու անգամ կարող են մրցել հեղինակավոր մրցաշարի շրջանակում։ Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադի» նորեկ Զախարյանը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայում խաղալն իր երազանքի իրականացումն է և ընթացիկ խաղարկությունում կցանկանար մրցել «Ինտերի» դեմ, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը։
«Հրաշալի կլինի խաղալ այն ֆուտբոլիստի դեմ, ով եղել է մանկությանս կուռքը։ Բոլոր ակումբներում հետևել եմ Հենրիխի ելույթներին։ Մխիթարյանի կարիերան այդքան լավ ստացվեց, քանի որ նա ամբողջությամբ բացահայտեց իր տաղանդը և ճիշտ տարիքում տեղափոխվեց Եվրոպա։ Չեմ կարող ասել, որ մենք հաճախ ենք շփվում, բայց կապ պահպանում ենք։ Նա ինձ խորհուրդ է տվել, բայց չեմ կարող ասել՝ որն է այդ խորհուրդը»,- Նոբել Առուստամյանի հետ հարցազրույցում նշել է 20-ամյա ֆուտբոլիստը։
Վիճակահանության արդյունքում խմբերն ունեն հետևյալ տեսքը՝
A խումբ․ «Բավարիա» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գալաթասարայ» (Թուրքիա)։
B խումբ․ «Սևիլիա» (Իսպանիա), «Արսենալ» (Անգլիա), «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ), «Լանս» (Ֆրանսիա)։
C խումբ․ «Նապոլի» (Իտալիա), «Ռեալ» (Իսպանիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)։
D խումբ․ «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ինտեր» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)։
E խումբ․ «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ), «Աթլետիկո» (Իսպանիա), «Լացիո» (Իտալիա), «Սելթիկ» (Շոտլանդիա)։
F խումբ․ ՊՍԺ (Ֆրանսիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա), «Միլան» (Իտալիա), «Նյուքասլ» (Անգլիա)։
G խումբ․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)։
H խումբ․ «Բարսելոնա» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Անտվերպեն» (Բելգիա)։