ԱՄՆ Պետդեպը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել միջանցքը հումանիտար, կոմերցիոն փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարությունում։
«Մենք խորապես անհանգստացած ենք արժանապատիվ գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդամթերքի, դեղամիջոցների ու այլ ապրանքների շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներն անդադար աշխատել են կողմերի հետ` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հնարավորությունը։ Մենք կրկնում ենք հումանիտար, կոմերցիոն փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մեր կոչը։
Բացի այդ, Բաքվի պաշտոնատար անձինք ու Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն` համաձայնեցնելու համար Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց ու երեխաների համար կարևորագույն պարենամթերքի փոխադրման միջոցները, ներառյալ` մատակարարման լրացուցիչ երթուղիները, ինպես նաև վերսկսեն բոլոր չլուծված խնդիրների քննարկումը։
Բազային հումանիտար օգնությունը երբեք չպետք է պատանդ դառնա քաղաքական տարակարծությունների համար», - ասված է հայտարարությունում։